ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ Գերմանիայում անցկացվելիք Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու երկար սպասված ծրագիրը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:

Նախագիծը դաշնակիցներին կներկայացնի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը: Աղբյուրները հրաժարվել են նշել, թե որքան մանրամասն են ակնկալում քննարկումները կամ ինչ ձևաչափով են դրանք լինելու:

Առաջարկը կներկայացվի փետրվարի 14-16-ը բավարական քաղաքում անցկացվելիք համաժողովում։

Քելլոգը և ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաներ վերջին շաբաթներին ակնարկել են այն, ինչ Թրամփի դաշնակիցներն անվանում են «խաղաղություն ուժի միջոցով», հայտնում են լրատվամիջոցները։

Նախագծի տարրերը ներառում են հակամարտությունը պոտենցիալ կերպով սառեցնելը և ռուսական զորքերի կողմից գրավված տարածքը «կախված վիճակում» թողնելը՝ միաժամանակ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ապահովելու համար, որ Մոսկվան չկարողանա կրկին հարձակվել, նշում է Bloomberg-ը։

Սպասվում է, որ Քելլոգն իր առաջին ուղևորությունը Կիև և Եվրամիություն կկատարի այս ամսվա վերջին, ըստ խնդրին ծանոթ մարդկանց: Ենթադրվում է, որ Ուկրաինայում նա կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մինչդեռ, ըստ աղբյուրների, ուկրաինացի առաջնորդը նախատեսում է Մյունխենի համաժողովից հետո այցելել Պարսից ծոցի մի քանի երկրներ։

Գեներալ Քելլոգը կշարունակի ներգրավել դաշնակիցներին՝ օգնելու համար իրագործելու նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու խոստումը, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։ Քելլոգն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ Ուկրաինայում ընտրություններն անցկացվեն հրադադարից հետո, մինչդեռ Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգների աջակցության դիմաց կարևորագույն օգտակար հանածոների հասանելիությունը կարող է կարգավորման մաս դառնալ: