Որտե՞ղ եք Հայաստանում բռնապետություն տեսել։ Այսպիսի հռետորական հարց է տվել էկոնոմիկայի նախարար Գեւրոգ Պապոյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում որոշ ուժեր միտումնավոր փորձում են իշխանություններին ուղղորդել դեպի բռնապետություն՝ միտումնավոր սադրանքներ կազմակերպելով վարչապետի, նրա ընտանիքի անդամների եւ կառավարության անդամների դեմ, որպեսզի «մի բան լինի», հետո նրանց մեղադրեն բռնապետության մեջ։ Պապոյանը վստահեցրել է, որ դա չի հաջողվի, եւ իշխանությունները շարունակելու են գնալ իրենց ճանապարհով։ «Կհաղթի նա, ով հավատարիմ կմնա ժողովրդավարական արժեքներին»,- համոզված է պաշտոնյան։
ԱՄՆ-ում վերջին միջոցառումները, նրա գնահատմամբ, կարեւոր են այդ երկրի իշխող ուժի համար, եւ դրանցում ՀՀ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը ցույց է տալիս արտաքին գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու ցանկությունը։
Նախարարը տարակուսանք է հայտնել այն մտքի առնչությամբ, որ պետությունը կարող է տուժել ժողովրդավարացումից (ինչի մասին խոսել է ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը Հայաստանի եւ հետխորհրդային մի շարք այլ երկրների առնչությամբ՝ կապված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շուրջ գործընթացների հետ- խմբ.)։
«Ես չեմ պատկերացնում ընտրություններն առանց դիտորդների եւ առանց լրագրողների, որոնք հարմար եւ անհարմար հարցեր են տալիս։ Դրա շնորհիվ մենք զարգանում ենք»,- ընդգծել է նախարարը։ Գեւորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել ժողովրդավարական արժեքները, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը եւ շարունակել դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ «Սա ուղղակիորեն կապված է մեր անկախության հետ։ Այսուհետ մեր երկիրը չի կարող ժողովրդավարություն չլինել»,- եզրափակել է նա։





























