Ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական գործընթացներում մոտ 2-3 տարի ստատուս քվո կպահպանվի, սա մեզ միանգամայն հնարավոր և իրական է թվում: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ամերիկյան Stratfor (RANE) վերլուծական կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան Մեթյու Օրը։
Նա չի կարծում, որ պատերազմն անխուսափելի է, քանի որ դեռևս չկան շատ ուժեղ խթաններ, որ կողմերից մեկը հավատա, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակն արմատապես փոխելու համար։ Փորձագետը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է սահմանի երկայնքով շարունակել ռազմական ճնշում գործադրելու փորձերը։ «Բայց ես չեմ կարծում, որ մեծ պատերազմն անխուսափելի է, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն ձեռք չբերվի», - հավելեց նա:
Վերլուծաբանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը մտադիր է լայնածավալ ռազմական գործողություն սկսել, ապա կնախընտրի անել դա ամռանը կամ ամռան վերջին։ «Սակայն, կրկնում եմ՝ առայժմ չենք կարծում, որ Ադրբեջանը դրա անհրաժեշտությունը տեսնում է։ Ամենայն հավանականությամբ, նրանք զգում են, որ ճնշումների միջոցով կարող են հասնել իրենց նպատակներին, և քանի դեռ կարծում են, որ կողմերը մանևրելու և գործարք կնքելու տեղ ունեն։ Պարտադիր չէ, որ դա շուտով տեղի ունենա, շարունակվելու են ճնշումների փորձերը, այդ թվում՝ ռազմական, ուստի իրավիճակը մնում է անկայուն։ Սակայն, մենք չենք հավատում, որ դա կարող է մեծ ռազմական հակամարտության վերաճել»,- ընդգծեց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը դժվար թե գնա մեծ էսկալացիայի նաև այն պատճառով, որ մի կողմից դա շատ թանկ կարժենա ռազմական տեսանկյունից, մյուս կողմից՝ քաղաքական լուրջ հետևանքներ կլինեն։
«Դա ձեռնտու չէ Ադրբեջանին քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ մի կողմից կհանգեցնի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, մյուս կողմից՝ այդ քայլով Ադրբեջանը ձեռնոց կնետի Ռուսաստանին և Իրանին։ Բաքուն կարծում է, որ առայժմ աշխարհաքաղաքական մանևրների և մեծ տերությունների միջև հավասարակշռության տեղ է պահպանում, և Հայաստանի դեմ լուրջ էսկալացիան մեծապես կնվազեցնի նրա կարողությունը մանևրելու համաշխարհային ասպարեզում: Բայց դա չի բացառում, որ իրավիճակի փոփոխությամբ Ադրբեջանի մոտեցումը կարող է փոխվել, ինչը, սակայն, այս պահին քիչ հավանական է»,- նշեց Օրը։
Ալիևի հնչեցրած վերջին սպառնալիքները, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի, վերլուծաբանը չի համարում պատերազմի անոնս։
«Ալիևը կարծում է, որ ինքն ամուր դիրքերում է, ինչի համար էլ նման հայտարարություններ է անում։ Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ միջանցքի արտատարածքային կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել, բայց եթե խոսքը գնում է Հայաստանով տարանցման որոշ հատուկ պայմանների մասին, ապա փոխզիջման կարելի է հասնել, իսկ եթե Ադրբեջանի կողմից զիջումներ լինեն «խաղաղության խաչմերուկ»-ով առաջարկվող այլ երթուղիների հարցում, այդ դեպքում մանևրելու և փոխզիջման տեղ կլինի։ Բայց եթե սա ինչ-որ վերջնագիր է, ապա սա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Առայժմ մենք կարծում ենք, որ մանևրելու տեղ կա և, գուցե, փոխզիջում ձեռք բերվի», - կարծում է Օրը:
Նրա խոսքով, Թուրքիան դեմ է և չի ցանկանում մասնակցել Հայաստանի դեմ խոշոր ռազմական գործողության, քանի որ հասկանում է՝ եթե խաղաղության պայմանագիր կնքվի և բացվեն տրանսպորտային ուղաիները, ողջ Հարավային Կովկասը կլինի իր ազդեցության գոտում։
Նա չբացառեց, որ Թուրքիան խորհուրդ է տալիս Ադրբեջանին խուսափել նման ուղուց և հետ է պահում իրադարձությունների նման զարգացումից, քանի որ նրա համար ձեռնտու է, որ ամեն ինչ կայուն մնա՝ հասկանալով, որ Ռուսաստանին ձեռնտու է, որ ներկա իրավիճակը պահպանվի, իսկ իրավիճակի բարելավումն ավելի ձեռնտու է Թուրքիային։
«Եթե Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում լինի, դա կխանգարի Թուրքիայի ծրագրերին։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Անկարան չի աջակցի Հայաստանի վրա խոշոր հարձակում սկսելու որոշմանը, և սա բավականին ազդեցիկ գործոն է այս հարցում։ Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանը միշտ ընդդիմանա կամ խանգարի այն գործընթացներին, որոնք բխում են Անկարայի շահերից։ Թուրքիայում կարծում են, որ դա երկարաժամկետ հեռանկարում բարդացնող գործոն կլինի։ Այո, նրանց համար ցանկալի է, որ Հայաստանը միջանցքի հարցում զիջումների գնա, և փոխզիջում ձեռք բերվի ավելի շատ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։ Սակայն Թուրքիայի շահերից է բխում, որ «Խաղաղության խաչմերուկի» մի քանի կետեր մասամբ իրականացվեն՝ ճկունություն ապահովելու համար»,- եզրափակեց փորձագետը։











