Ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ Հայաստանի դեմ բողոքով բաց նամակ են հղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման և իրականացման մոնիտորինգ իրականացնող ամերիկյան և եվրոպական առանցքային կառույցների ղեկավարներին։
Անհեթեթ կոչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նամակն ուղղված է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտին, ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդիին, Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին։
«Նամակում ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից լուրջ մտահոգություն է հայտնվում Հայաստանի գործունեության վերաբերյալ, որը պայմաններ է ստեղծել Ռուսաստանի համար՝ շրջանցելու ուկրաինական պատերազմի հետ կապված միջազգային պատժամիջոցները։ Նշվում է, որ առևտրի, հատկապես բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման կտրուկ աճը լուրջ մտահոգություն է առաջացնում այդ ապրանքների ռազմական նպատակներով օգտագործման վերաբերյալ»,- ասվում է լրատվամիջոցի հաղորդագրությունում։




























