Հայաստանի իշխանությունները մեզ հստակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված փաստաթուղթն ուղղված չէ իրանա-հայկական հարաբերությունների դեմ և ընդգծեցին, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի վնասելու իրանա-հայկական հարաբերություններին կամ Իրանի շահերին։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով, այս հարցում Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում, և երկու կողմերն էլ խորապես գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Նա հավելեց, որ այս փոխըմբռնումը թույլ է տալիս կառավարել զարգացման գործընթացները և ամրապնդել հարաբերությունները։
Սոբհանին ընդգծեց, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշումը հենց հակադարձ արդյունք է տվել, և որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման դեպքում Իրանն առավելագույն դիմադրության քաղաքականություն է կիրառելու։
Նրա խոսքով, Իրանին ու Հայաստանին միշտ հաջողվել է հարաբերությունները բարելավել՝ Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ֆոնին։











