ԵՄ առաքելությունը ռազմական առաքելություն չէ, և Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք տեղակայվել են կայունությունը պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակով, և մեզ համար դա հասկանալի է և ընդունելի։ Դրա մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք հարգում ենք Հայաստանի կառավարության՝ իր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու քաղաքականությունը։
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Եվրամիության և ԵՄ երկրների հետ հարաբերությունները կարող են հնարավորություններ ստեղծել հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար։ Եթե Հայաստանը կարողանա զարգացնել իր հարաբերությունները եվրոպական երկրների հետ և դրանք օգտագործել հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար, մենք դա դրական կգնահատենք»,- հավելել է Սոբհանին։
Հիշեցնենք, որ վերջերս ԵՄ խորհուրդը 2 տարով երկարաձգեց 2023 թվականի փետրվարին մեկնարկած Հայաստանում իր առաքելության մանդատը։





























