Ադրբեջանը մտահոգություններ ունի Իրանի և Ռուսաստանի մերձեցման հետ կապված։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան Մեթյու Օրը։
Նա կարծում է, որ սա ևս մեկ գործոն է, որը ստիպում է Ադրբեջանի ղեկավարությանը հասկանալ, որ ավելի լավ է չապակայունացնել իրավիճակը և կախվածության մեջ չհայտնվել այս երկրներից, այլ ընդհակառակը՝ պահպանել տարածաշրջանում առկա իրավիճակը։
«Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության աճը որոշակի ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի համար։ Կարծում եմ՝ սա ազդանշան է Ադրբեջանի համար»,- նշել է փորձագետը։
Միաժամանակ, ըստ Մեթյու Օրի, կա հավանականություն, որ Իսրայելը հարված կհասցնի Իրանին։
«Իսրայելը կարող է մտածել, որ այժմ հարվածելու ժամանակն է՝ թույլ չտալու համար, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Ավելին, Իսրայելի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ Թրամփի վարչակազմն այս հարցում ավելի քիչ հակված կլինի ընդդիմանալ Իսրայելի ցանկություններին։ Թրամփի վարչակազմը դեմ է նման հարվածներին, դեմ է տարածաշրջանի խոշոր ապակայունացմանը, սակայն Իսրայելը կարող է անգամ առանց Թրամփի համաձայնության ու օգնության գնալ այդ քայլին՝ այն հաշվարկով, որ Միացյալ Նահանգները չի միջամտի»,- ընդգծեց վերլուծաբանը։











