AT&T եւ T-Mobile USA բջջային օպերատորների միավորման գործարքը, որի մասին հայտարարվել էր մարտին, չի կայանա:
AT&T հետ է կանչել գնման մասին իր հայտարարությունը` հակամենաշնորհային մարմինների դիմադրության պատճառով: Գերմանական Deutsche Telekom-ին, որն էլ T-Mobile USA-ի սեփականատերն է, 3 մլրդ դոլարի տուգանք կվճարվի:
«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ ԱՄՆ երկրորդ եւ չորրորդ բջջային օպերատորների հնարավոր միավորման մասին հայտարարվել էր մարտին: 39 մլրդ գնահատվող գործարքի արդյունքում բջջային կապի ամերիկյան շուկայի նոր առաջատար էր հայտնվելու` 43 տոկոսանոց մասնաբաժնով եւ 130 մլն բաժանորդներով:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն օգոստոսին հայց էր ներկայացրել` պահանջելով արգելել այդ գործարքը, քանի որ այն լրջորեն սահմանափակում է մրցակցությունը: Այնուհետեւ նոյեմբերին ԱՄՆ կապի դաշնային ծառայությունը (FCC) հրաժարվել էր AT&T-ին T-Mobile-ի հաճախականության արտոնագիր տրամադրել` հայտարարելով, որ այդ գործարքը կհանգեցնի անհատ սպառողների եւ ընկերությունների համար կապի ծառայությունների գնի ավելացման:




























