Փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխել են «Աստղիկ» և  «Արմենիա» բժշկական կենտրոններ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: