Մահացել է Ռուսաստանի ամենատարեց բանտարկյալը։ 84-ամյա Ալեքսանդր Անիսկինի մարմինը հայտնաբերվել է Ալթայի շրջանի քրեակատարողական գաղութում, հայտնում է SHOT Telegram ալիքը։
Ըստ SHOT-ի, բժիշկները Անիսկինի մոտ արձանագրել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ուղեղի այտուց և ծանր հեմատոմա։
Վարկածներից մեկի համաձայն, 84-ամյա բանտարկյալը կարող էր դառնալ գաղութի այլ դատապարտյալների հարձակման զոհ։
Ըստ աղբյուրի, Անիսկինը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020 թվականին՝ բազմաբնակարան շենքի միջանցքում ընկերոջը դանակահարելու համար, որի հետ նախկինում թեժ վիճաբանել էր։ Միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին Բիյսկ քաղաքում։ Ըստ Անիսկինի, հուլիսի 25-ի երեկոյան ինքը տանը ճաշելիս է եղել, երբ ծանոթը «ներխուժել» է իր բնակարան և անմիջապես սկսել ծեծել թոշակառուին։ Ծերունին (այդպես էին նրան անվանում իր հարևանները) պնդում է, որ հոդի տեղաշարժ է ունեցել և ուղեղի ցնցում ստացել։
Այդ պահին նրա ձեռքին դանակ է եղել, որով, ըստ նրա, պատահաբար հարվածել է հարևանին։ Վերջինս մահացել է մի քանի ժամ անց հիվանդանոցում, որտեղ նրան շտապ բերել են հարազատները։ Բժիշկները նրա կողերի, կրծքավանդակի, թոքերի և այլ օրգանների կտրած-ծակած վերքեր են հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ եղել է դանակի մոտ 10 հարված։ Մահացածը կորցրել է մոտ երկու լիտր արյուն։
Ինքը՝ թոշակառուն, չի ընդունել իր մեղքը և ներողություն չի խնդրել մահացածի հարազատներից։ 2022 թվականին դատարանը Անիսկինին պարտավորեցրել է սպանվածի եղբորը, իբրև բարոյական փոխհատուցում, 420 հազար ռուբլի վճարել։





























