Սախալինի մարզի Նևելսկի շրջանում հայտարարվել է տեղական բնույթի արտակարգ դրություն՝ կապված ծանծաղուտում հայտնված նավի հետ, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Նևելսկի շրջանում գործում էր բարձր պատրաստականության ռեժիմ, հայտնում է Коммерсант-ը։

Փետրվարի լույս 9-ի գիշերը Նևելսկ քաղաքի Կազաչկա գետի գետաբերանում ծանծաղուտի մեջ է խրվել An Yang 2 բեռնանավը։ Ըստ Սախալինի մարզի կառավարության, նավը կանգնած է եղել նավահանգստում՝ ածուխ բեռնելու համար, փոթորկի սկսվելուց հետո, աղետից խուսափելու համար, ծով է դուրս եկել: Սակայն խարիսխի կոտրվելու պատճառով նավը նետվել է ափ, որտեղ խրվել է ծանծաղուտի մեջ։

Ըստ Նևելսկի ծովային նավահանգստի կապիտանի պաշտոնակատար Արկադի Մակարովի, ծանծաղուտում հայտնված բեռնանավում կա 700 տոննա մազութ, մոտ 100 տոննա շարժիչային վառելիք, ինչպես նաև մոտ 1 հազար տոննա ածուխ։ Այս պահին վառելիքի արտահոսք չի գրանցվել, անձնակազմի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Հաղորդվում է, որ նավում Չինաստանի 20 քաղաքացի է եղել:

Սախալինի նահանգապետի հանձնարարությամբ տեղում ստեղծվել է օպերատիվ շտաբ, մոբիլիզացվել են համապատասխան բոլոր ծառայությունները։ Սակայն մասնագետների աշխատանքը բարդանում է փոթորկի պատճառով՝ փրկարարներն ու ջրասուզակները չեն կարողանում մոտենալ նավին։