Միլիոնատեր գործարար Յորգեն Ֆենեկը, որը մեղադրվում է 2017 թվականին մալթացի, կոռուպցիայի դեմ պայքարող, լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել, դատավարության օր չի նշանակվել, հայտնում է The Guardian-ը։
Ֆենեկը՝ կազինոներով և հյուրանոցների բիզնեսով զբաղվող ընկերությունների ժառանգորդը, ձերբակալվել և մեղադրվել է 2019 թվականի նոյեմբերին Կարուանա Գալիցիայի սպանությանը մեղսակցության մեջ: Սակայն գործը երդվյալ ատենակալներին ուղարկելու ձգձգումները թույլ են տվել նրա փաստաբաններին հաջողությամբ հասնել գրավի դիմաց ազատ արձակման:
Կարուանա Գալիցիայի ընտանիքը դատապարտել է ձգձգումները՝ հայտարարելով, որ պետությունը և արդարադատության համակարգը չեն օգնում տուժածներին:
Ֆենեկը և նրա ընտանիքը խոստացել են ավելի քան 50 միլիոն եվրո կանխիկ գումար և բաժնետոմսեր՝ նրա ազատ արձակման համար:
Կարուանա Գալիցիան սպանվել է ականապատ ավտոմեքենայի պայթելու հետևանքով, որը պայթեցվել է Մալթայի Բիդնյա քաղաքում գտնվող իր տնից դուրս գալու ժամանակ: Գործը սկանդալի մեջ է ներքաշել իշխող կուսակցությանը և հարուցել է քողարկման մեղադրանքներ, իսկ ԵՄ անդամ պետությունում նրա դաժան սպանության տեսարանը մտահոգություն է առաջացրել Եվրոպայում լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ:
Ֆենեկը յոթ մարդկանցից մեկն է, որոնք կամ խոստովանել են, կամ մեղադրվել են սպանության մեջ: Նա հերքում է առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։ Մինչ օրս մեղադրյալներից ոչ ոք չի ներկայացել դատարան։ Երկու եղբայր իրենց մեղավոր են ճանաչել ռումբը տեղադրելու մեջ և դատապարտվել 40 տարվա ազատազրկման։ Նրանց հանցակցի պատիժը մեղմվել է այն բանից հետո, երբ նա ընդունել է իր մեղքը և ապացույցներ ներկայացրել մեղադրող կողմին։ Ռումբի պատրաստման մեջ մեղադրվող երկու տղամարդ կալանքի տակ են և սպասում են դատավարությանը:
Նշենք, որ Դաֆնա Կարուանա Գալիցիան հայտնի էր, այսպես կոչված, «Պանամական փաստաթղթերի» գործով և դրան երկրի վարչապետի մասնակցության վերաբերյալ իր լրագրողական հետաքննություններով։ Նա նաև գրել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հետ կապված օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի, դերի մասին։





























