Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։

 Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Ավելի վաղ ԶՊՄԿ-ն հայտարարել  էր, որ ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։

«Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։