Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է արհեստական ​​բանականության կողմից ստեղծված կեղծ տեսանյութ՝ այդպիսով գովազդելով երկուշաբթի օրը Փարիզում բացվող տեխնոլոգիական գագաթնաժողովը, հայտնում է AFP-ն։

Տեսարաններից մեկում Մակրոնը պարում է ֆրանսիացի երգչուհի Desireless-ի 1980-ականների «Voyage, Voyage» հիթի ներքո: Մեկ այլ դրվագում նա ֆրանսիացի գաղտնի գործակալի սխրագործությունների մասին լրտեսական կատակերգության հերոսն է, որին մարմնավորում է Ժան Դյուժարդենը։

Երրորդ դրվագում նա ռեփ է երգում և ցուցադրում իր շարժումները՝ ընդօրինակելով ֆրանսիացի կատարող Նեկֆեին։

«Հիանալի է»,- տեսանյութում ասում է կոստյումով և փողկապով իսկական Մակրոնը։

«Բավականին հաջող է արված, դա ինձ ստիպեց ծիծաղել»,- ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով այս տարիների ընթացքում ստեղծված և Instagram-ի իր հաշվում տեղադրված տեսանյութերը։

«Եթե ավելի լուրջ խոսենք, ապա արհեստական բանականության օգնությամբ մենք կարող ենք հասնել շատ մեծ հաջողությունների՝ փոխել առողջապահությունը, էներգետիկան, կյանքը մեր հասարակության մեջ,- ասում է 47-ամյա նախագահը։- Ֆրանսիան և Եվրոպան պետք է լինեն այս հեղափոխության կենտրոնում՝ յուրաքանչյուր հնարավորությունից օգտվելու և մեր սկզբունքներն առաջ տանելու համար»:

Տեսահոլովակն ավարտվում է ամենահայտնի ծաղրանմանակումներից մեկով, որում Մակրոնը ներկայացված է ամերիկյան հեռուստատեսային մարտաֆիլմի հերոս Մակգուայրի կերպարով, որը հայտնի է իր արտաքինով և հնարամտությամբ։

«Դե, սա հաստատ ես եմ»,- կատակել է Մակրոնը։

Կիրակի կեսօրին այս գրառումը Instagram-ում ավելի քան 73․000 հավանում ուներ: Որոշ մարդիկ կարծում էին, որ Մակրոնի Instagram-ի հաշիվը կոտրվել է։

«Թույն նախագահ»,- գրել է օգտատերերից մեկը։

Մակրոնը երկուշաբթի և երեքշաբթի Փարիզում կանցկացնի արհեստական բանականության ոլորտում գործողությունների գագաթնաժողովը, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Միջոցառումը համանախագահելու է Հնդկաստանը։