Արդարացված են այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց. «Լսել եմ վերջերս, որ տրանսպորտի ինքնարժեքը  65 դրամ է մեկ ուղևորափոխադրման համար:  «Ես չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղից են վերցնում։ Կարող էին ասել 23 դրամ կամ 6 դրամ։ 6 դրամն ավելի լավ է հնչում։ Մինչդեռ մենք ամսական մոտավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը 1.8 մլրդ դրամ է, դեռ չհաշված գնված ավտոբուսները:

Հիմա մարդիկ ուզում են համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել։ Ասում են դա է ինքնարժեքը։ Ասում եմ՝ կարող էին ասել 6 դրամ, 7 դրամ, ձրի, մինուս։

Մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞։ Ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան։ Մենք ենք մեղավոր, չենք ասում, մարդիկ չգիտեն»:

Ավինյանը հայտարարեց, որ իրականում մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի միակ խնդիրն այն է, որ արված աշխատանքն ավելի լավ ներկայացնեն, և այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնեն․ «Որովհետև երբ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, ու մարդիկ դա են լսում։ 1990-ականների վերջից ուղևորափոխադրումը 100 դրամ է եղել»: