Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով եւ շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին հանձնել է ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար շնորհված Մարտական ծառայության մեդալները: Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ունեցած դրական ձեռքբերումների համար ԱԱԾ մի քանի աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ` ԱՊՀ անդամ-պետությունների հետ սերտ համագործակցության համար արժանացել է ԱՊՀ խորհրդի պատվոգրի, որը վերջինիս է հանձնել Տիգրան Սարգսյանը: