Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 20-ին, Մոսկվա քաղաքում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին եւ հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ եւ ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ եւ լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի մեր հանրապետությունում ոսկերչական գործին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:




























