Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները փետրվարի 9-ին այցելել են Աշոտաբերդ թաղամասի հրդեհից տուժած՝ հյուրանոցներում և հարազատների բնակարաններում ապաստանած ընտանիքներին, զրուցել նրանց հետ, ևս մեկ անգամ հետաքրքրվել քաղաքացիների առողջությամբ, կարիքներով:

Լոռու մարզպետի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները վստահեցրել են, որ հրդեհից տուժած քաղաքացիների խնդիրները ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի, Ստեփանավանի համայնքապետի և բոլոր պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են և ամեն ինչ արվում է նրանց առկա խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

«Այս պահին հյուրանոցային պայմաններներում է բնակվում տարհանված 29 անձ, նրանք ապահովված են անհրաժեշտ պայմաններով և ստանում են երեքանգամյա սնունդ:

Հարազատների բնակարաններում ապրող 13 անձի ուղարկվում են սննդային փաթեթներ:

Հանդիպման ընթացքում բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և կենցաղային իրեր՝ ելնելով նախապես կատարված կարիքի գնահատումից:

Դպրոցահասակ երեխաները, հագուստից բացի ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և պատրաստ են միանալու ուսումնական գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ այլ հրապարակմամբ էլ մարզպետի աշխատակազմը տեղեկացրել է, որ փետրվարի 9-ի երեկոյան Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:

«Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:

Մարզի ղեկավարը և Ստեփանավանի համայնքապետը պատասխանել են նաև քաղաքացիների հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Ինչպես հայտնել ենք՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել է, բուժօգնության դիմել՝ 8 քաղաքացի: