Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցներն այսօր` դեկտեմբերի 20-ին, նշել են իրենց մասնագիտական տոնը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնագիտական օրվա առթիվ, ԱԱԾ-ում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին, ՀՀ նախագահը պատգամել էր «շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները եւ պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին»:

Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգեւների եւ զինվորական կոչումների, որոնք հանձնել է վարչապետ Տ. Սարգսյանը:

Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշել է, որ մասնագիտական տոնը ԱԱԾ անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծել է Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը: Անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները այդ անձանց օպերատիվ մշակումները իրականացրել են հատուկ ծառայությունների գործելաոճի դասական կանոններով, օպերատիվ հնարքների ճկուն եւ հնարամիտ կիրառմամբ, ապահովելով լրտեսական գործունեության սպառիչ, ամբողջական եւ անհերքելի ապացույցների ստացում: ԱԱԾ տնօրենի հավաստմամբ, կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը:

ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը շնորհավորելով աշխատակիցներին քաջառողջություն, ուժ, եռանդ ու հաջողություն մաղթելով, նաեւ նշել է, որ «Հայաստանի հատուկ ծառայությունները գոյություն ունեն արդեն 91 տարի: Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ էլ նրանք գործել են Հայրենիքի անմնացորդ նվիրումով, երկրի հաջող ապագայի հավատքով, պետության կայացման դժվարին ճանապարհի ձեռքբերումները պահպանելու, բազում նոր հաջողություններով ամրագրելու մղումով: Համոզված եմ, որ կանցնեն շատ տարիներ, սակայն մեզ հաջորդող սերունդները նույն հպարտությամբ, ոգեւորությամբ եւ արժանապատվորեն կշարունակեն տոնել այս օրը, հավատարիմ կմնան մեր պատգամներին, կկարողնան պահպանել անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները, եւ ի զորու կլինեն մեր երկրին ու ժողովուրդը զերծ պահել հնարավոր վտանգներից ու սպառնալիքներից»:

Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորել եւ գերատեսչական պարգեւներ են հանձնել նաեւ ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով եւ պատվոգրերով: