Նախկինում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «պետություն պետության մեջ»-ի նման մի բան էր, եւ ոչ մի կողմնակի մարդ չէր կարող օգուտ քաղել դրանից։ Այս մասին «SYUNIK TV» մարզային հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
Նրա խոսքով՝ գործարանի ռեսուրսներն ու ազդեցությունն օգտագործվել են մարդկանց որոշակի խմբի շահերը սպասարկելու համար։ «Այս իրավիճակն այլեւս չկա։ Մենք վերացրել ենք գողությունը։ Զգալիորեն աճել է միջոցների հոսքը Հայաստանի պետական բյուջե։ Հսկայական միջոցներ են հատկացվում կոմբինատի արդյունավետ գործարկումն ապահովելու համար: Եվ առաջին հերթին՝ ի շահ կոլեկտիվի եւ Հայաստանի ժողովրդի»,- հավաստիացրել է Խուդոլիյը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 11-րդ օրն է պարապուրդի է մատնված։ Գործադուլ հայտարարած ԶՊՄԿ 700 աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով ղեկավարության առաջարկները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի ամենամեծ հարկատուն է 2024թ. արդյունքներով։





























