Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի այդ փաստի միջազգային ճանաչման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, որ այդ օրինագծի ընդունումը ինքնանպատակ չէ:
«Այդ քայլն, առաջին հերթին, միտված է բարձրացնել մեր ազգային անվտանգության աստիճանը: Օրինագծի ընդունումը կարեւոր է հետագայում նման ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից: Քրեականացումը գործուն միջոց է ագրեսորին զսպելու համար»,- ասաց Շարմազանովը, հավելելով, որ այդ օրինագիծը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը:
«Հայերն առաջին, բայց ոչ միակ ժողովուրդն են, որ 20-րդ դարում ցեղասպանության է ենթարկվել: Քրեականացումը թույլ է տալիս այդպիսի ժողովուրդներին հանդես գալ միասնական ճակատով»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:
Շարմազանովի խոսքով, այս օրինագծի ընդունումը շանս է Ֆրանսիայի համար, հերթական անգամ ապացուցելու, որ այդ երկիրը դեմ է ռասիզմին, ժողովրդավարական երկիր է եւ շարժվում է հումանիստական սկզբունքներով:
Ինչ վերաբերում է օրինագծի ընդունման հավանականությանը, ԱԺ փոխխոսնակը լավատես է: «Հաշվի առնելով սոցիալիստների աջակցությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը Երեւանում, կարծում եմ, որ մեծ հավանականությամբ օրինագիծը կընդունվի: Այդ մասին խոսում է նաեւ թուրքական իշխանությունների արձագանքը, որոնք քաղաքական առումով իրենց անպարկեշտ են պահում, հանդես գալով սպառնալիքներով ու վերջնագրերով»,-ամփոփեց նա:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի դեկտեմբերի 22-ին:




























