Հինգ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը հարկային քաղաքականությունում սահմանել է միայն հարկային-գանձապետականնպատակներ, իսկ տնտեսական քաղաքականություն չկա։ Այս մասին Economix հաղորդման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է DSA ընկերության տնօրեն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
Նա նշել է, որ հարկային քաղաքականությունը պետք է ծառայի տնտեսական քաղաքականությանը, իսկ առաջինը չպետք է ինքը որոշի նպատակները, բայց երբ չկա տնտեսական քաղաքականություն, հարկային քաղաքականությունը ստիպված է ինքը որոշել նպատակները։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը միասին պետք է մակրոտնտեսական քաղաքականություն վարեն՝ հաշվի առնելով երեք կարեւորագույն մակրոտնտեսական ցուցանիշները՝ ՀՆԱ, զբաղվածություն եւ գնաճ։
Անանյանն ավելացրել է, որ կառավարությունը չպետք է ասի, թե գնաճի հետ կապ չունի եւ ամբողջ պատասխանատվությունը գցի Կենտրոնական բանկի վրա։ Ըստ նրա՝ ՀՀ կենտրոնական բանկը շփվում է հասարակության հետ, եւ նրա գործողությունները կանխատեսելի են, մինչդեռ կառավարությունը դա չի անում, եւ նրա գործողությունները կանխատեսելի չեն։
«ԿԲ-ն չպետք է կոշտ մեթոդներ օգտագործի տնտեսության վրա ազդելու համար։ Նրա միակ գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, բայց եթե դրա նվազեցումը չի ազդում տնտեսության վրա, նշանակում է, որ ԿԲ-ն չունի այն գործիքները, որոնց միջոցով կարող է ազդել տնտեսության վրա, եւ կառավարությունը պետք է մտածի այս մասին»,- նշել է ընկերության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ արտարժույթի «պրոֆիցիտի» պայմաններում հայկական դրամը ենթարկվում է ռեվալվացիայի, ինչն ազդում է ներկրվող ապրանքների գների վրա։ «Այդ գործընթացները դուրս են Կենտրոնական բանկի գործառույթներից, ուստի ԿԲ-ն եւ կառավարությունը պետք է ներդաշնակեցնեն իրենց գործողությունները»,- պարզաբանել է Դավիթ Անանյանը։











