Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շարունակվում են բողոքի ակցիաները եւ դա, բնականաբար, ոչ միայն իմ, այլեւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների մոտ առաջացրել է մտահոգություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը:

«Խոսում են, որ սրանք կազմակերպված ակցիաներ են: Ամենեւին չխորանալով նման երեւույթների մեջ, կարող եմ նշել իմ մտահոգության առիթներն ու պատճառները: Սա խաթարում է կոմբինատի բնականոն աշխատանքը, եւ եթե այսպես շարունակվի, դա հսկայական վնասներ է հասցնելու թե կոմբինատին, թե պետությանը, քանի որ կոմբինատը երկրի առաջին հարկատուն է:

Այստեղ կարծում եմ՝ կառուցողական մոտեցում է պետք եւ որքան հասկացա, աշխատավարձերի բարձրացման նոր քաղաքականություն է մշակվում: Այստեղ կա տեղեկատվության պակաս, թե ինչ ձեւաչափով է ԶՊԿՄ ղեկավարությունը բարելավելու իրավիճակը:

Նաեւ ապահովագրական նոր պոլիս են փորձում մշակել, որ ուղղակի ժամանակի հարց է: Պարզապես պետք է նստել սեղանի շուրջ, այդ հարցը քննարկել ու լուծել: Ես չեմ կարծում, որ պետք է աղմուկ բարձրացնել ու խաթարել կոմբինատի բնականոն աշխատանքը:

Ասեմ ավելին, կոմբինատում կան մեր շատ շրջանավարտներ, որոնց հետ անձամբ եմ զրուցել. Նրանք չեն միացել այդ ակցիաներին եւ փորձում են շարունակել իրենց բնականոն աշխատանքը:  Չեմ կարծում, որ որեւէ ռեալ, առարկայական առաջարկի դեպքում ԶՊՄԿ-ի ղեկավարությունը կարող է մերժել:

Պետք է նստել բանակցությունների շուրջ, հատկապես, որ ԶՊՄԿ ղեկավարությունը պատրաստ է բոլոր տեսակի քննարկումներին»,- հայտարարեց Քելյանը՝ նկատելով, որ այս պահին ինքը խոսում եմ տնտեսության շահերից ելնելով:

Նա հավելեց, որ այն մարդիկ, որ խոսում են աշխատավարձի բարձրացումից, իրենք են զրկվելու աշխատավարձից. «Ես վստահ եմ, որ ԶՊՄԿ ղեկավարությունում կառուցողական մարդիկ են, կլոր սեղանի շուրջ ցանկացած հարց կարող է լուծվել: Սա այն հարցը չէր, որ նման արձագանք գտներ: Մեր հարեւան երկրներում արդեն խոսում են դրա մասին: Դա իրապես մեծ ցավ է պատճառում: Ես ադրբեջանական մամուլում տեսա, թե ոնց են լուսաբանում ներկայացնում են այն ձեւով, ինչպես իրենց է նպատակահարմար»,- ընդգծեց Սարգիս Քելյանը: