Ադրբեջանի կարևորության մասին թեզը ևս ուռճացված է. Ադրբեջանից Եվրոպա գնացող գազը դա ռուսական գազն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունից Աղաջանյանը:

«Ադրբեջանի գազային պաշարները բավարար չեն անգամ սեփական կարիքները հոգալու համար, նա ներկայացնում է, թե իբրև իր գազն է: Դա ընդամենը քող է կոծկելու այն ծրագիրը: Ադրբեջանի և նրա նախագահի հանդեպ Արևմուտքը սիրով ով պատժամիջոցներ կկիրառի այն պահին, երբ Ադրբեջանը լրիվ ձեռբազատվի իրենց ազդեցությունից, այսինքն, չցանկանա հետամուտ լինել այն ծրագրին, հանուն որի Արցախը նվիրաբերվել է և հանուն որի այս ամբողջը կուլ է տրվում Եվրոպա կոչվածի կամ Արևմուտք կոչվածի կողմից:

Ծրագիրը հետեւյալն է՝ օգնել հարձակվել Իրանի վրա: Ռուսական ազդեցությունից իրենք ազատվեցին, նաև օգնեցին Արցախը հայաթափել, հիմա մնում է ռուսական բազայի խնդիրը Հայաստանում, և բնականաբար Իրանի դեմ գործողությունը: Բայց արդեն թե մատակարարումների, թե հեղինակության ու կշռի, թե երաշխիքների տեսակետից, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան վստահ չեն, որ իրենց նախաձեռնած քայլը բումերանգի նման չի հարվածի իրենց և չի հանգեցնի թե իրենց իշխանության կորստին, թե իրենց պետության էական քանդմանը»,-ասաց նա:

Դեսպնը պատահական չի համարում, որ Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ստանալուց հետո միանգամից սկսեց արևմտյան հարթակներից հրաժարվել և նեղացածություն խաղալ. «Նա անմիջապես ցատկեց ռուսական և իրանական հարթակ, որպեսզի կարողանա դուրս պրծնել այդ իրավիճակից և չկատարել իր հանձնառությունը, ձգել պրոցեսը, այսպես  կոչված անբովանդակ խաղաղության պայմանագիր կոչվածի, որը ուղղակի կապիտուլյացիոն փաստաթուղթ է և պատմության մեջ առաջին անգամ ամրագրելու է Արցախը Ադրբեջանի կազմում»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է հիմա  Ալիևը լարում  հարաբերությունները Ռուսաստանի հետ, նա պատասխանեց. «Ալիևը շատ հմուտ խաղ է խաղում: Երբ որ արևմտյան ճնշումը ուժեղանում է, նա սկսում Իրանի կամ Ռուսաստանի դեմ գործողություններ անել: Դրանք քայլեր են ժամանակ շահելու, որովհետև իրենք տեսնում են, որ նույն Արևմուտք կոչվածի մասին իրենց ընկալումները այլևս չեն համապատասխանում այն պատկերացումներին, որ կար 2022 թվականից առաջ: Իսկ իրենք ունեն այդ հանձնառությունը, հանուն այդ հանձնառության այս ամբողջ ապուրը եփվել է և իրենք պիտի անեն։

Ի՞նչ է անում արևմտյան կողմը, բնականաբար, սպառնալիքներ է տեղում: Մենք այդ սպառնալիքների մասին չենք լսում, բայց դրա հետևանքները մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից երբեմն սրելու, հետո կուլ տալու, հետո ինչ-որ հարաբերություններ բարելավելուն ուղղված քայլեր անելու տեսքով»:

Ինչ վերաբերում է նրան, որ թեեւ Ադրբեջանը սրում է հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց Մոսկվայի կողմից այնքան էլ խիստ արձագանքի չի արժանանում, մինչդեռ Հայաստանի կողմից մի թեթեւ իրենց համար ոչ հաճո հայտարարության Ռուսաստանից շատ կոշտ են արձագանքում, Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ Ռուսաստանը հասկանում է՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, չի ուզում զրել իրավիճակը. «Իրենք շատ լավ հասկանում են, որ որքան Արևմուտքից է Ալիևը կախված, երևի հինգ այդքանն էլ կախված է Ռուսաստանից, և Ալիևը, և երկիրը։ Աայստեղ նրանք չեն շտապում, որպեսզի հանրային քարոզչական ինչ-որ քայլերով խանգարեն հետագայում իրենց շատ սուր և շատ ծանր արձագանքը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ դեսպանի, Ռուսաստանի նման վերաբերմունքը երևի ինչ-որ տեղ նաև անսպասելիության և խաբվածության գործոնի արդյունք է. «Բայց իրենք այլևս մեր իշխանությունների հետ չեն խոսում, իրենք մեր ժողովրդի հետ են խոսում: իրենք սա անում են, որպեսզի ժողովուրդը հասկանա, ինչի առաջ է կանգնած, իշխանությունները ու՞ր են տանում իրենց, որովհետև հետևանքները ժողովուրդն է կրելու»:

Իսկ Հայաստանում հակառուսական տրադրությունները Ձյունիկ Աղաջանյանը համարում է իշխանությունների կողմից հակառուսական տրամադրություններ գեներացնելու արդյունք. ««Ամենօրյա ռեժիմով սնուցել են իրենց մանկլավիկների, իրենց վճարովի շեփորահարների միջոցով, այդ հակառուսականությունը՝ անընդհատ փորձելով ռուսական կողմի վրա բարդել իրենց քայլերի հետևանքները, իրենց ձեռնարկած պարտությունների արդյունքները»: