Իրանը արտաքին քաղաքականության ոլորտում հաստատելով հավասարակշռված քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ բոլոր ազգերի հետ, ձգտում է լարվածության թուլացմանը, կոլլեկտիվ անվտանգության եւ դիվանագիտական ճանապարհով տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:
«Անցած 4 տասնամյակների ընթացքում, չնայած այլոց կողմից մեր ժողովրդի համար ստեղծված մարտահրավերներին, Իրանի մարդկային զարգացման ինդեքսը շարունակաբար աճել է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ժողովրդի ջանքերի եւ վճռականության ներքո բազմաթիվ նվաճումներ է արձանագրել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, բուժօգնությունը, կրթությունը, գրականությունը, գիտությունը եւ տեխնոլոգիան, մարդու իրավունքները, անվտանգությունն ու պաշտպանությունը: Որոշ ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիան, բիոտեխնոլոգիան եւ քաղցկեղի ու նյարդային հիվանդությունների բուժման համար նախատեսված բժշկական իզոտոպների արտադրությունը Իրանը դասվում է աշխարհի առաջատար երկրների շարքին եւ շուրջ ն 10 հազար գիտելիքահենք ընկերություններով բարելավվել է իր համաշխարհային վարկանիշը գիտության եւ տեխնոլոգիաների բազմաթիվ ոլորտներում: Չնայած իմ երկրի դեմ ուղղված չարաբանություններին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավատարիմ է երկրի սահմանադրության, ներպետական օրենսդրության եւ Իրանի կողմից անդամակցող մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում ամրագրված մարդու իրավունքներին: Մենք ընդունել ենք միլիոնավոր օտարերկրյա ներգաղթյալների եւ սա ցույց է տալիս իրանցիների մարդասիրական վերաբերմունքի գագաթնակետը: Կանայք առանձնահատուկ տեղ ունեն Իրանի վարչակառավարման համակարգում եւ այժմ աշակերտների 8 տոկոսը, ուսանողների 50 տոկոսը, համալսարանների գիտխորհրդների անդամների 35 տոկոսը, բժշկական համալսարանների գիտխորհրդի անդամների 40 տոկոսը, դպրոցների ուսուցիչների 60 տոկոսը եւ գյուտարար համայնքի ներկայացուցիչների 20 տոկոսը կազմում են իգական սեռի ներկայացուցիչներ»,-ասել է նա:
Նա ասել է, որ Իրանը խորացրել է իր բարիդրացիական քաղաքականությունը եւ ընդլայնել հարաբերությունները հարեւանների հետ:
«Ուրախալի է , որ այսօր Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա առանձնահատուկ հարաբերությունները կարող են ներկայացնել որպես երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության եւ փոխըմբնման վրա հիմնված հարաբերություններ: Այս երկար ճանապարհի ընթացքում մենք միշտ եղել ենք անբաժան հարեւաններ՝ աջակցելով եւ կիսելով միմյանց վիշտն ու ուրախությունը»,-ասել է նա:
Իրանի դեսպանը ասել է, որ անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը կազմել է 755 միլիոն դոլար, Իրանը նախատեսում է այս ծավալը հասցնել սկզբում մեկ միլիարդ, ապա 3 միլիարդ դոլարի:
«Մեզ հաջողվեց անցած տարի մեկնարկել Ագարակ- Քաջարան ճանապարհի կառուցման շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակության ծրագիրը, որը Հյուսիս-Հարավ միջանցքի առաջին հատվածն է: Անցած տարի գազ էլէկտրաէներգիայի դիմաց ռազմավարական պայմանագրի երկարաձգումը մեզ թույլ տվեց ավելի մեծ ծավալի գազ արտահանել դեպի Հայաստան: Մենք ջանք կգործադրենք այս տարի ավարտին հաասցնել դեպի Իրան էլէկտրոհաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները եւ այն շահագործման հանձնել»,-ասաց նա:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը մշտապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, միջազգային սահմանների անփոփոխության եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու իր դիրքորոշմանը եւ ընդգծում է այդ դիրքորոշումը:
«Իրան-Հայաստան հարաբերությունները ընթանում են դեպի լուսավոր հորիզոններ եւ ոչ մեկ չի կարող այն իր հունից շեղել: Կեցցե΄ Հայաստանը, կեցցե΄ Իրանը, կեցցե΄ երկու ժողովուրդների հարատեւ բարեկամությունը»,-ասաց դեսպանը:
Իրանի Իսլամական հեղափոխության 46-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր ելույթում նախ շնորհավորեց բարեկամ երկրի գործընկերներին՝ Իսլամական հեղափոխության 46-ամյակի կապակցությամբ, ապա անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։
«Հայաստանի և Իրանի միջև առկա բարձրաստիճան շփումներն ու փոխայցելությունները փաստում են, որ այդ հարաբերությունների ռազմավարական նշանակության վերաբերյալ երկու երկներում ձևավորվել է ընդհանուր ընկալում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք այսօր Իրանի հետ ունենք բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր ենք հետևողականորեն ընդլայնել»,–ասել է նա։











