Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կազմի մեջ մտնող արաբական միապետությունների ղեկավարները որոշել են համագործակցության ձեւից անցնել միության, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկուշաբթի Սաուդյան Արաբիայում մեկնարկել է համագործակցության խորհրդի ամենամյա 32-րդ գագաթնաժողովը: Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա ալ Սաուդը կոչ է արել «համագործակցության փուլից անցնել միության, միավորված կառույցի»:
«Համագործակցության խորհրդի երկրների առաջնորդները ողջունել են միության անցումը: Առաջիկայում կստեղծվի հանձնաժողով` կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրից ներառելով երեքական մարդ»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն:
Նշենք, որ Համագործակցության խորհուրդը միավորում է Ծոցի վեց միապետություն` Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը եւ Սաուդյան Արաբիան:




























