Բելառուսում ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներին ծեծել են, կտրել մազերը, վերցրել նանց ձեռքից անձնագրերն ու հեռախոսները: Այս մասին հայտարարել է Աննա Գուցոլը, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Աղջիկները հենց նոր կարողացել են ինչ-որ մեկից հեռախոս խնդրել ու զանգահարել: Նրանց ուժեղ ծեծել են, ծաղրել, կտրել մազերը, ձեռքներից վերցրել փաստաթղթերն ու հեռախոսները ու նետել Գոմելի մարզի Ելյան շրջանի Բեկի գյուղի մոտ»,-պատվել է Գուցոլը:
Նրա խոսքով, աղջիկները չգիտեն, թե ովքեր են իրենց ձերբակալել, բայց ենթադրում են, որ դրանք եղել են ԿԳԲ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Գուցոլը նաեւ ճշտել է, որ ներկայումս այն համարը, որից աղջիկները զանգահարել են, չի պատասխանում:
Հիմա, ըստ Գուցոլի, աղջիկների հետեւից Մինսկից մեքենայով մեկնում են իրենց ընկերները: Բացի այդ, Femen-իստուհիները կապ են հաստատել Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ եւ տեղեկացրել իրենց հետ կատարվածի մասին: ԱԳՆ-ում հավաստիացրել են, որ Ուկրաինայի դեսպանատունը Femen-ի ակտիվիստուհիներին օգնություն կտրամադրի: Ներկայումս աղջիկների մոտ են շտապում նաեւ Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ FEMEN շարժումը տեղեկացնում է, որ Մինսկի ՊԱԿ -ի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո անհետացած օպերատորի եւ երեք ֆեմենուհիների գտնվելու վայրը առ այսօր պարզել չի հաջողվել:
«Մեր աղջիկների հեռախոսները (Շեւչենկո Իննայի, Շաչկո Օքսան նայի եւ Նեմչինովա Ալեքսանդրայի, ինչպես նաեւ FEMEN-ի օպերատոր Կիտտի Գրինի) առ այսօր անջատված են»,- հայտարարել է FEMEN-ի ներկայացուցիչ Աննան:
«Ինչպես երեկ երեկոյան ինձ հայտնել են լրագրողները, նրանք ոստիկանության կենտրոնական բաժանմունքում չեն, հույս կա նրանց հանդիպել դատարանում, որտեղ այսօր լսելու են երեկ ձերբակալվածների գործերը: Բայց բոլորը հակված են մտածել, որ նրանք ՊԱԿ -ում են», հավելել է նա:
Ավելի վաղ ֆեմենուհիների անհետացման մասին հայտարարվել էր FEMEN շարժման «կենդանի ամսագրում»:
Բելառուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, թոփլես-աղջիկները ձեռքներին պահել են «Ապրիր, Բելառուս» կարգախոսով պաստառներ: Համաձայն լրատվամիջոցների նախնական տեղեկությունների` ակցիայի ընթացքում մի քանի լրագրողներ են ձերբակալվել, իսկ ֆեմինիստուհիները հասցրել են փախչել:




























