Միջնորդության ռուսական հնարավոր առաջարկի ընդունումը Հայաստանի կողմից քիչ հավանական է, բայց մենք պատրաստ ենք առաջարկներ քննարկել, սակայն անցյալի փորձը մեզ շատ վատ հիշողություններ է թողել։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տրվել։ Որպես օրինակ Սիմոնյանը բերել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման արձագանքը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ հայ-ռուսական պայմանագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է գոնե քայլեր ձեռնարկեր, բայց Հայաստանը նույնիսկ քաղաքական գնահատական​​չստացավ. «Մեզ միայն ասացին, որ պարզ չէ, թե որտեղ է սահմանը։ Այս պայմաններում հայկական կողմը կարող է թերահավատորեն վերաբերվել ռուսական միջնորդության հեռանկարներին»,- ավելացրել է խորհրդարանի նախագահը։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, որտեղ պետք է պաշտպանեին հայերին, իսկ Հայաստանին մեղադրելն այն բանի համար, որ դա տեղի է ունեցել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, խուսափելու փորձ է (իրենց պատասխանատվությունից- խմբ.): Ալեն Սիմոնյանը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը 2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։

Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, հիանալի գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես են հայ ժողովրդին մենակ թողել՝ բացատրելով, որ Ռուսաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի հայ ժողովրդին իր անկեղծության մեջ համոզելու համար։

«Անթույլատրելի է 100 տարին մեկ գալ եւ Հայաստանը պաշտպանելու կարգախոսներով հայ ժողովրդին սակարկության առարկա դարձնել։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շքեղություն»,- ընդգծել է խորհրդարանի խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում ոչ մի գործընթաց տեղի չի ունենում առանց հիմնական խաղացողների գոնե դրական կամ բացասական միջամտության փորձերի։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավական լուրջ դեր են խաղացել եւ խաղում են բոլոր վերջին գործընթացներում»,- նշել է Սիմոնյանը՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանի՝ կոնկրետ հարթակներում բանակցություններ վարելը եւ համահունչ հռետորաբանությունը Հայաստանի վերաբերյալ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը սերտորեն փոխկապակցված են, եւ այս առումով ապագան մեր ձեռքերում է։ Մենք հարցերը մեկընդմիշտ լուծելու պատմական հնարավորություն ունենք»,- եզրափակել է նա։