ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մանհեթենի դատախազությանը հրամայել է կարճել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական գործը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, գրել է The New York Times-ը։
«Ձեզ կարգադրվում է հանել [Ադամսի] դեմ մեղադրանքները»,- նշվել է թերթին հասանելի նամակում, որը ստորագրել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Էմիլ Բոուվը: Նա նաեւ հրամայել է վերադարձնել Ադամսի համար գաղտնի տեղեկատվության հասանելիությունը, որից զրկվել էր 2024թ. սեպտեմբերին իր մեղադրանքի ներկայացուցմից հետո: Բացի այդ, Բոուվը պահանջել է Ադամսի նկատմամբ «ոչ մի լրացուցիչ քննչական գործողություն չձեռնարկել» մինչեւ քաղաքապետի ընտրությունները, որոնք նշանակված են 2025թ. նոյեմբերին։
«Ես ամենասկզբից ասել եմ, որ քաղաքապետը ոչ մի բանում մեղավոր չէ, եւ նա հաղթելու է։ Այսօր նա դա արել է»,- պարբերականին հայտնել է Ադամսի փաստաբան Ալեքս Սպիրոն։
Հունվարի վերջին The New York Times-ը հայտնել էր, որ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Ադամսի դեմ գործը կարճելու հնարավորությունը նրա փաստաբանների եւ Մանհեթենի դաշնային դատախազության հետ: Պարբերականը նշել է, որ Ադամսը վերջերս փորձել է շահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը. նա հանդիպել է նրա հետ Ֆլորիդայում, մասնակցել երդմնակալությանը, խոստացել է հրապարակայնորեն չքննադատել նախագահին, ինչպես նաեւ պարբերաբար շփվել է նրա հետ հեռախոսով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադամսը կաշառք է վերցրել թուրք պաշտոնյաներից՝ ի թիվս այլ բաների, Հայոց ցեղասպանության փաստը անտեսելու համար։ 2024թ. սեպտեմբերին 5 հոդվածից բաղկացած մեղադրական եզրակացությունը Ադամսին մեղադրում է դավադրության, խարդախության եւ կաշառակերության մեջ: Նրան կասկածում են օտարերկրյա քաղաքացիներից նախընտրական քարոզարշավի համար անօրինական նվիրատվություններ եւ կաշառքներ ստանալու մեջ, ներառյալ շքեղ արտասահմանյան ուղեւորությունները՝ թուրքական կառավարության պաշտոնյաների համար բարեհաճության դիմաց:





























