ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է, որ հունվարի 15-ին նախաձեռնել է աշխատանքային քննարկում վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելու որոշման վերաբերյալ։

«Պայմանավորվածություն էինք ձեռք բերել շարունակել քննարկումները և լավարկել որոշումը՝ հաշվի առնելով առաջին հերթին ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկները։

Քննարկումների արդյունքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ՝ նվազեցնելով ամսական տուրքի չափը՝

Կենտրոն - 26,000 ՀՀ դրամ,

Արաբկիր - 20,000 ՀՀ դրամ,

Երևանի այլ վարչական շրջաններ - 16,000 ՀՀ դրամ։

Շնորհակալ եմ ավագանու անդամներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին քննարկումներին մասնակցելու, տնտեսվարողների դիտարկումները հաշվի առնելու և տուրքի չափը նվազեցնելու որոշում կայացնելու համար»,- գրել է Հովհաննիսյանը: