Թուրքիայից ժամանած Ռուսաստանի քաղաքացուհին ձերբակալվել է Սոչիի օդանավակայանում՝ 56 միլիոն ռուբլու չհայտարարագրված ոսկյա զարդեր անցկացնելու փորձի ժամանակ, հայտնել են Կրասնոդարի երկրամասի մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։ Ընդհանուր առմամբ գրեթե 1600 զարդ է հայտնաբերվել։

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության համար (ՌԴ ՔՕ 226.1 հոդված), գրում է  «Коммерсантъ»-ը։

Զարդերը թաքցված են եղել կնոջ պայուսակում, ինչպես նաև ամրացրել են նրա մարմնին՝ գրպաններով ինքնաշեն բանդաժի օգնությամբ: Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 6,5 կգ։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ զարդերի մեջ եղել են բնական և արհեստական ​​նյութերի ներդիրներ, դրանց թվում՝ ադամանդ, եղենգնաքար, սադափ, մոլոշաքար (մալախիտ), մարգարիտ, մեղեսիկ (ամեթիստ) և այլն։ Որոշ կտորների վրա պատկերված էին ֆրանսիական Cartier ոսկերչական տան և իտալական Bvlgari ընկերության փորագրությունները:

Ձերբակալվածը հայտնել է, որ իրերը տեղափոխում է Թուրքիայից ընկերոջ խնդրանքով։ Նա պետք է ապրանքը հասցներ ստացողին Սոչիում։ Իրավապահները նախատեսում են ստուգել կնոջ ցուցմունքները։