«Այդ հանդիպումը գործընթացի առաջին քայլն է, այն ունի շարունակություն, որն անհրաժեշտ է բոլորիս և առաջին հերթին անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին։ Մենք խնդիրների համատեղ լուծումը կգտնենք, որովհետև երկու կողմն էլ սեղանին դնելու փաթեթ և հարցերի լուծման առաջարկներ ունի»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպմանը։

«Անհետ կորածների և գերեվարվածների ծնողների հետ աշխատանքային քննարկման ժամանակ այս հանդիպումը կարմիր թելով անցնում էր։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ կան, հավաստիացրեց, որ այդ հանդիպումը սարերի հետևում չէ, և որ դա գործընթացի սկիզբն է, որը մեզ կմոտեցնի խնդրի լուծմանը»,–հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի ճշգրտող հարցին՝ արդյո՞ք որևէ տեղաշարժ կա գործընթացում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հանդիպումը հենց այդ մասին է վկայում։

Նա նշեց, որ դեռևս նախորդ տարի էր ադրբեջանական կողմը հանդիպման առաջարկ արել։

«Նրանք դեռևս 1-ին պատերազմի անհետ կորածների խնդիր ունեն, և այդ խնդիրները պետք է մեկտեղվեն, և ուզենք թե չուզենք, հասնենք նրան, որ ընդհանրապես անհետ կորածների և գերեվարվածների խնդիրը լուծենք։ Բայց, բնականաբար, մենք պետք է սկսենք վերջին գործընթացներից և բոլոր հարցերը լուծելով մեղմենք պատերազմների ընթացքում կուտակված թշնամանքը»,–ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե գերիների վերաբերյալ ի՞նչ նորություն կարող է հայտնել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ նորությունը կհայտնի գեներալ–լեյտենանտ Արմեն Աբազյանը։ Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը, նա ասաց.

«Պետք է արձանագրենք, որ վերջին դատավարության ընթացքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կարծես թե, պարտադրել էին հնչեցնել տեսակետ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերի։ Դա ակնհայտ էր, որ գերեվարված մարդիկ այդպիսի տեսակետներ կարող են հնչեցնել միայն պարտադրանքի պատճառով։ Այս դատավարությունը «մեկ դերասանի թատրոն է» Ադրբեջանի կողմից, որովհետև երեկ կարդացին, թե ինչ վնասներ է կրել Ադրբեջանը՝ հեռանալով նրանից, թե ինչից է ընդհանրապես սկսվել այս հակամարտությունը։ Այս հակամարտության մեջ միայն նյութական կորուստները չեն, երկու կողմից էլ մարդկային կորուստներ կան»,–ասաց Քոչարյանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս դատավարությունն օգտագործելու է իր խնդիրները լուծելու համար։