«44–օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցն այս տարի կներկայացվի լիագումար նիստերում»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ այդ զեկույցը շատ ավելի ներառական արժեք ունի, քան ուղղակի որևէ մեկի անունը թիրախային հնչեցնելը։

«Բոլորն ուզում են, որ այն օր առաջ ներկայացվի։ Ինչ–որ ուժեր կան, որոնք ուզում են տեսնել՝ ում անունը կա, ում անունը չկա այդ զեկույցում։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է առաջին հերթին իմանանք մեր պարտության պատճառների և մեղավորների մասին, որոնք այսօր քրեական գործերով անցնում են։ 13 հազար քրեական գործ կա 44–օրյա պատերազմին վերաբերող։ Մեղավորների անունները կհնչեն։ Տիրան Խաչատրյանը վերջերս է կալանավորվել։ Այս հարցն անընդհատ շահարկվում է՝ «բա եթե հերոս էր, ինչո՞ւ է նստել»։ Բազմաթիվ պատերազմներում նաև հերոսներն են իրենց մեղքերի համար պատասխան տվել։ Եթե սխալ որոշումների արդյունքում մարդիկ են զոհվել, բնականաբար նրանք պետք է պատասխան տան, այդպիսին է ուսադիր կրող մարդու ճակատագիրը»,–ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Անդրադառնալով շրջանառվող տեսակետին այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր ձգձգում է 44–օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որովհետև դա լրացուցիչ գործիք է՝ խուսափելու պաշտոնանկությունից, նա ասաց.

«Այդ զեկույցն իմ ձեռքում չէ, Աժ–ում է գտնվում և ԱԺ–ն է տնօրինում այդ զեկույցը։ Ես ընդամենը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եմ, միայն մեր հանձնաժողովն ունի իրավասություն՝ քննելու այդպիսի գործեր, և մենք դա իրացրել ենք»,–ասաց Քոչարյանը։