Շվեդուհին 12 տարվա ազատազրկման է դատապարտվել եզդի ժողովրդի դեմ ցեղասպանություն և պատերազմական հանցագործություններ կատարելու համար՝ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ջիհադիստական ​​խմբավորմանը միանալուց հետո, հայտնում է BBC News-ը։

52-ամյա Լինա Իսհաքն անցյալ սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել՝ 2014-2016 թվականներին Ռաքքայում երեք եզդի կանանց և վեց եզդի երեխաներին ստրկության մեջ պահելու համար:

Իսհաքն իր ստրուկներին ստիպել է փարանջա հագնել և իսլամ դավանել, ինչպես նաև նրանց ֆիզիկական բռնության ենթարկել:

Սա առաջին դեպքն է, երբ Շվեդիայում քննվում է եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունների գործը։

Իսհաքը 2013 թվականին միացել է ԴԱԻՇ-ին և իր ընտանիքին Սիրիա է տեղափոխել: Նա արդեն պատիժ է կրում իր երկու տարեկան որդուն Սիրիա տանելու համար, ինչպես նաև նրա համար, որ «չի կարողացել խանգարել» ԴԱԻՇ-ին՝ արդեն 12-ամյա որդուն որպես զինվոր օգտագործել:

Նրա որդին մահացել է 2017 թվականին 16 տարեկան հասակում։