Փետրվարի 16-ին Երեւանում տեղի կունենա «Newmag Winterfest - 2025. գրքի եւ արվեստի փառատոնը»։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Նա ավելացրել է, որ փառատոնը կբացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով։ Նալբանդյանը նշել է, որ փառատոնին մասնակցությունն անվճար է, իսկ հրատարակչության գրքերը միջոցառման շրջանակում կարելի է ձեռք բերել մինչեւ 40 տոկոս զեղչով։
Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանն իր հերթին պարզաբանել է, որ գրքերի շնորհանդեսներին զուգահեռ տեղի կունենան քննարկումներ, ցուցահանդես, երաժշտական շոու եւ գալա-համերգ։ Նա տեղեկացրել է, որ փառատոնին իրենց գրքերը կներկայացնի երկու գրող Լեռնային Ղարաբաղից։ «Մասնավորապես, Հերմինե Ավագյանը կներկայացնի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների նոր ժողովածուն, իսկ Ծովինար Բարխուդարյանը՝ «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ փառատոնին կներկայացվեն հինգ նոր գրքեր եւ մեկ ամսագիր, ինչպես նաեւ տեղի կունենա հանդիպում հայկական բեսթսելերների հեղինակների հետ։ «Մասնավորապես, տեղի կունենան նաեւ Սյունե Սեւադայի «Արիության մետաղ» նոր վեպի եւ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսները»,- ընդգծել է Անի Հակոբյանը։




























