Արցախում միշտ էլ ընտրությունները նորմալ անցել են, Սամվել Շահրամանյանի ընտրություններն էլ փոխված իրենց ընթացակարգով է եղել, որ վակուում չառաջանա նախագահի փախնելուց հետո, տեղը թափուր չմնա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Շահրամանյանը այո, ստանձնել է պարտավորություն Ազգային ժողովի այդ լիազորությունները ունենալով: Այո, Արայիկ Հարությունյանը իր պաշտոնից փախավ, մնաց անտեր, այդ անտեր վիճակը չեն թողել, որ մնա: Պատկերավոր ասած, դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք, դրոշը վերցրել են այդ մարդիկ, հիմա նրանց մեղադրում են նրա համար, որ դուք տեր եք կանգնել, անտեր չեք թողել ժողովրդին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ «տեր կանգնելուց» 10 օր էլ չանցած Արցախը հայաթափվեց, Ռուստամյանն ասաց. «Բա դա էլ եթե չլիներ,  անիշխանությունը շատ ավելի վատ էր: Հուսահատ վիճակ էր, մարդիկ, ովքեր եղել են Արցախում, շատ լավ գիտեն ինչ է կատարվել: Նա, ով վերցրել է, այդ պաշտոնը վայելելու համա՞ր է վերցրել, բոլորը գիտեին, որ մեծ պատասխանատվության տակ է մտնում: Այդ պատասխանատվությունից են փախել, այդ փախնողներին թող ասեն։

Պատասխանատվությունը այն էր, որ եթե դու ընտրվել ես, պետք է մինչև վերջ էլ մնաս նախագահ, ոչ ոք իրեն չի ասել՝ հրաժարական տուր, ինքն է գնացել: Շատ ավելի լավ կլիներ, որ շուտ տար հրաժարական: Արայիկ Հարությունյանի վրա ոչ մի ճնշում չի եղել, Արայիկ Հարությունյանը ճնշվել է այն պատասխանատվությունից, որը եղել է այդ պահին, և այդ պատասխանատվությունը չի կարողացել իրացնել:

Արայիկ Հարությունյանը, այսպես ասած, ճեղքվել է երկու մասի, հայտնվելով երկու քարի արանքում, ժողովրդի պահանջ և Նիկոլ Փաշինյանի պահանջ, այ դրանք իրար հետ չի համատեղել, դրանից ճաք է տվել»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: