Ցանկացած բանակցություն որոշվում է արդյունքներով. Սադարակում սկսված բանակցությունների արդյունքը եղել է Քիվեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինով միանում էր Հայաստանին, Նախիջեւանը Ադրբեջանին կպվում էր թունելներով եւ էստակադաներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հիմա տեսնենք՝ ձեր բանակցությունների արդյունքը. Ձեր բանակցությունների արդյունքում մենք չունենք Արցախ, ունենք  Հայաստանի օկուպացված տարածքներ, հազարավոր զոհեր, գերիներ, Ադրբեջանում դատվող ռազմաքաղաքական ղեկավարություն: Սա է ձեր բանակցությունների արդյունքը:

Դուք ասում եք՝ թափանցիկ եք եւ պատրաստ եք հրապարակել փաստաթղթեր: Հրապարակեք այդ փաստաթղթերը, հրապարակեք Քիվեսթը, հրապարակեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք բանակցվել են բոլոր նախորդ իշխանությունների օրոք: Բայց ես առաջարկում եմ սկսել 2019 թվականին ձեր սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրված վերջին խմբագրված տարբերակից, որը դուք թաքցրել եք ՀՀ քաղաքացիներից, խաբել եք ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարելով, որ բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ գոյություն չունի»,-ասաց Խամոյանը:

Նա նաեւ շարունակեց. «Ով-ով, բայց դուք թաքնվելուց մի խոսեք: Ռոբերտ Քոչարյանը որեւէ մեկի թիկունքում չի թաքնվել: Նա 2018-ին դեմ է արտահայտվել ձեր գործողություններին, ոմանց նման չի փախել, եկել է, նստել է, պայքարել է, եւ այսօր էլ շարունակում է իր պայքարը:

Եթե չեմ սխալվում, դուք եք փախել 2008 թվականի մարտի 1-ից հետո, դուք եք 300 մետր շարժվելու համար 3 հազար ոստիկանի եւ ՊՊԾ աշխատողի ուղեկցությամբ շարժվում: Հաստատ սա այն թեման չի, որտեղ դուք շահեկան դիրքերում եք գտնվում: Եվ մի բան էլ, վերջը 2018-ին ձեզ իշխանություն ո՞վ էր տվել: Երեկ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Սերժ Սարգսյանն է տվել, դուք ասում եք՝ չէ, Կարեն Կարապետյանն է տվել: Բա որ եկաք, տեսաք, որ ամեն ինչ վատ է, Արցախը հանձնված է, Մեղրին էնտեղ էր հանձնված, ինչի՞ էիք վերցնում իշխանությունը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քիվեսթի մասին, որը 2000-2001 թվականների մասին է: Թունելը ստեղից մտնելու էր, էնտեղից դուրս էր գալու, կամուրջը ստեղ էր լինելու, ձախից Պողոսն էր մտնելու, աջից՝ Վալոդը: Դրանից հետո մինչեւ 2007 թվականը էդ մարդը եղել է նախագահ, թող լիներ այդ թունելը: Ո՞ւմ հետ եք կռիվ անում, ե՞ս եմ խանգարել, որ չլինի: Ես այդ ժամանակ նոր-նոր սկսում էի քաղաքական գործունեությամբ զբաղվել: Որ չեն ասում՝ թունելը տակից մտնելու էր, ո՞ւմ եք ձեռ առնում:

Երկրորդը, ասում եք՝ Սերժ Սարգսյանն է տվել իշխանություն: Տո Սերժ Սարգսյանն ով է, Կարեն Կարապետյանն ով է, որ ինձ իշխանություն տան կամ չտան: Ո՞վ են ընդհանրապես իրենք, որ մի հատ էլ կարող են Հայաստանում իշխանության ճակատագիր որոշել: ՀՀ-ում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը, եւ ժողովուրդն է որոշել: Սեյրան Օհանյանը հարցրել է՝ ընդունում-հանձնում արել եք, ես էլ ասել եմ, որ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել: Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտկանությունները կատարողը»,- ասաց նա:

Ի դեպ, մի քանի րոպե առաջ Փաշինյանը պնդում էր, որ Կարեն Կարապետյանից է ստացել իշխանությունը:

Անդրադառնալով բանակցություններին Փաշինյանը 2019-ին ինքը որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չեմ եղել:

«2019-ի մասին. ես ասել եմ՝ այն, ինչ 2019-ի հունիսին դրվել է սեղանին, ես այդ ժամանակ որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չեմ եղել: Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է: Հլը էդ թղթի  վերեււմ էլ գրված է՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել, ոնց կարող է այդ թուղթն ինձ հետ կապ ունենալ: Այն բոլոր թղթերը, որոնք կապված են ինձ հետ, օգտագործված է «Հայաստանի վարչապետ» արտահայտությունը»,-ասաց Փաշինյանը: