Ես լավ չեմ կարողանում հասկանալ, դուք հիմա Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին մեղադրում եք, որ ուզել են հարցը լուծե՞լ, թե՞ չեն ուզել հարցը լուծել, եկել, ընկել է ձեր գրպանը, ինչպես պարբերաբար դուք ակնարկում եք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հիմա  Ռոբերտ Քոչարյանը Մեղրին հանձնե՞լ է, թե չի հանձնել։ Մի հատ կողմնորոշվեք ձեր քարոզչական թեզերում, որ ձեր քարոզիչներն էլ սոցիալական ցանցերում ըստ այդմ կարողանան կողմնորոշվել։

2019 թվականին ձեր սեղանին խմբագրված տարբերակ է դրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դուք հայտարարել եք, որ ոչ մի բան ոչ նոր, ոչ հին գոյություն չունի։ Հետո էլ մի հատ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ դուք ասում եք, որ դուք ձեզ գժի տեղ եք դնում, որ ժամանակ շահեք։ Հիմա եղե՞լ է, թե չի եղել, որովհետև բոլոր հայտարարությունները նրա մասին են, որ 2019 թվականին բանակցությունների սեղանին թուղթ է եղել, որը դուք թաքցրել եք ՀՀ քաղաքացիներից։

Եվ վերջում Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիվանագիտական համայնքը քայլող, խոսող, շնչող, արտաշնչող, մի մեծ բարդույթ է։ Այս բարդույթո՞վ եք 2018 թվականին վարել բանակցությունները, որի արդյունքը ես արդեն ասեցի ինչ է՝  չկա Արցախ, կան օկուպացված Հայաստանի սահմաններ, հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր և Նախիջևան-Ադրբեջան կապ, որի անունը դուք չգիտեմ ինչ կդնեք, Ադրբեջանն էլ ինչպես դուք եք ասել, կդնի միջանցք»,-ասաց նա: