Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը մեղադրեց հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգի կատարումը «բեմադրելու» մեջ։

«Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ խնդիր առաջացնելն էր, այն ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Այդ երգը կատարողները Իրանի քաղաքացիներ էին։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր շրջանակներից նրանց վճարել էին, տարել կանգենցրել, երգել տվել, համացանց գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում խնդիր առաջացնեն։ Մեր թույլ տեղն են գտել, բայց ամեն տենց տափակ տեսարանից մեր հանրությունը չպետք է ցնցվի, թող ընդդիմությունը ցնցվի իր բեմադրած տեսարանով»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն են երգում, և ձերբակալվում է տեսանյութը տարածողը։

Փաշինյանն ըննդիմությանը մեղադրեց ՀՀ–ի դեմ տեղի ունեցող հիբրիդային պատերազմի մաս կազմելու մեջ։

«Դուք ուղղակի չգիտեք՝ ինչի եք մասնակցում, և ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստական օջախ, որպես ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցության ելույթների ընթացքում հնչում են նախադասություններ, դուք չգիտեք՝ դրանք որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել, իսկ ես գիտեմ, որովհետև նախքան ձեր կողմից հնչելը դա իմ ներկայությամբ հնչում է որպես փաստարկ ՀՀ–ի դեմ»,–ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի հարցը՝ Իլհամ Ալիևի առջև ստանձնե՞լ է պարտավորվածություն Հայաստանի ներսում «ռևանշիզմի» դեմ պայքարելու, Փաշինյանին հունից հանեց, նա կրկին սկսեց մեղադրել ընդդիմությանը։

«Ես պարտավորություն ունեմ, միայն ՀՀ քաղաքացու առջև։ Դուք չգիտեք՝ ում ձևակերպած նախադասություններով եք խոսում, դուք ձեր գործունեությամբ այդ ձեր ասած մարդկանց համար մահակներ եք պահում ՀՀ–ի տարածքում՝ թե որտեղ ա պետք խփել»,–ասաց նա։

Փաշինյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց, թեժ բանավեճ սկսվեց ՔՊ–ականների և ընդդիմադիրների միջև։