Պատգամավորը կարող է ունենալ սեփականություն, բայց չպետք է կառավարի իր ձեռնարկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Երբ կազմում էին ավելի քան 70 գործարար պատգամավորների ցուցակը, բիզնեսի անվան ներքո ներառեցին ինչ ասես: Մեր կուսակից Արթուր Աղաբեկյանին վերագրեցին բիզնես-ակվապարկը, որը նա կառուցել էր Ղարաբաղի գյուսերից մեկում: Փոխանակ ծափահարենք նրան, անվանեցինք գործարար-պատգամավոր»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ գործարարությամբ զբաղվող պատգամավորների ցուցակը կազմել էր Հայ ազգային կոնգրեսը:

Դաշնակցական գործչի խոսքով, պատգամավորը չպետք է զրկված լինի որեւէ սեփականություն ունենալու իրավունքից: «Ոչ խելամիտ կլինի ենթադրել, որ Բելգիայում, Շվեդիայում կամ ԱՄՆ-ում պատգամավորները կամ սենատորները ոչինչ չունեն, ապրում են փողոցում եւ երբեք ոչնչով չեն զբաղվել: Սակայն ցանկացած սեփականություն նրանք հայտարարագրում են եւ ցանկացած մարդ կարող է եզրակացնել, թե այս կամ այն պատգամավորը լոբբինգ իրականացնո՞ւմ է որեւէ օրինագծի հետ կապված»,-նկատեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ, նախորդ գումարման խորհրդարանում ինքը եւ իր կուսակից Հրայր Կարապետյանն առաջարկել էին օրենսդրորեն կարգավորել ձեռնարկատերերի շահերի լոբբինգի մեխանիզմները եւ դրանց համարժեք թափանցիկություն հաղորդել: Այդուհանդերձ, նման օրենք մինչ օրս ընդունված չէ: