«Փաշինյանը տարիներ առաջ ասում էր՝ առանց ժողովրդի իմացության ու նրանց հետ քննարկման որոշումներ չեն կայացվի, բա էդ ո՞նց եղավ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրաբույժ–ստոմատոլոգ Հովհաննես Գրիգորյանը, որը նույնպես դժգոհ է հարկային փոփոխություններից։
«Սուտ խոսքեր էին, կողծավորություն էր։ Մենք առաջին հերթին պահանջում ենք հիմնավորել հարկի բարձրացումը։ Երկրորդը՝ նրանք ասում են, որ փոփոխություններն անում են, որպեսզի մարդիկ փաստաթղթերով աշխատեն, բայց դա ծախսեր է ենթադրում։ Եթե այն ժամանակ տնտեսավարողները իրենք էին իրենց հաշվապահությունն անում, կամ հաշվապահ էին վարձում, որը հեռավար էր աշխատում, հիմա պետք է հաշվապահին բերեն նստացնեն աշխատավայրում, ինչը հավելյալ ծախս է»,–ասաց Հովհաննես Գրիգորյանը։
Տնտեսավարողներին զայրացրել է նաև երեկ՝ փետրվարի 13–ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հարկային փոփոխություններին, որտեղ նա նշեց, որ տնտեսարղները, որոնք տարեկան 10 մլն շրջանառություն են ապահովում, վճարում են ընդամենը 500 հազար դրամ, ինչն անթույլատրելի է։
«Եթե մեր տված հարկերը չեն բավարարում, բյուջեն մեծացնելու համար թո՛ղ իրենց աշխատավարձները վերանայեն, պակասեցնեն, պարգևավճարները հանեն»,–ասաց տնտեսվարողը։
Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ տնտեսվարողները կառավարությունից պահանջում են հետքայլ անել և կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները, ինչպես նաև գույքահարկի թանկացումը։
«Շատ սխալ են անում, որ ժողովրդի անունից են խոսում։ ԱԺ–ում իրար քրքրում են, ու մտնում ժողովրդի զոնտիկի տակ, հետո էլ գալիս են էդ նույն ժողովրդին տեռորի ենթարկում, ամեն ինչ բարձրացրել են»,–ասաց նա։
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։











