Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է ենթարկվի հսկողության։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Լրագրողները, մասնավորապես, նրան հարցրել են. «Ինչպե՞ս կիրականացվի տարանցումը Ադրբեջանից, եթե հաղորդակցություններն ապաարգելափակվեն, եւ արդյոք խոսքը անխոչընդոտ փոխադրումների մասին է, ինչի մասին պնդում է Բաքուն»։ Պատգամավորն արձագանքել է՝ նշելով, որ Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է անցնի որոշակի ընթացակարգ։ «Չենք ասի «ստուգում», բայց վերահսկողություն պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմանա, թե ինչ է տեղափոխվում իր տարածքով։ Այժմ դրա համար կան բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ «Ստուգում» հասկացությունը բավական լայն երեւույթ է։ Դուք կարող եք բեռը բացել եւ ստուգել այն, եւ կարող եք ստուգել սքաների միջոցով»,- նշել է Եղոյանը։





























