Հիմք ընդունելով Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին տեղեկություն եմ ներկայացրել հնարավոր հանցագործության մասին։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմվակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ես արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու եւ դիվերսիայի մեջ։ Սա, ինչպես հասկանում եք, պարունակում է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի տարրեր, այն է՝ պետական դավաճանություն։ Նամակին կցել եմ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ընդ որում՝բառացի, եւ ԱԱԾ տնօրենին կոչ եմ արել քննության վերցնել հանցագործության մասին այս հաղորդումը, հետո զեկուցել գործընթացի ընթացքի մասին»,- ասել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի 6 տարուց ավելի արած յուրաքանչյուր անպատասխանատու հայտարարություն չպետք է անպատասխան մնա. «Տեսնենք՝ ով է հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ, ով է Հայաստանում օգտագործում օտար երկրների բառապաշարը, ով է գործում հայ ժողովրդի դեմ»,- կոչ է արել ընդդիմադիր գործիչը։





























