Մինչ Հայաստանում քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ դիմելուց հրաժարվելու հնարավորությունը, Բաքուն Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել, որը վերաբերում է բնապահպանական խնդիրներին։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հերթական հայցի ներկայացումը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի դեմ հայցերը հետ կանչելու հնարավորության մասին հայտարարության ֆոնին։

Պատգամավորը հիշեցրել է նաեւ կառավարության ղեկավարի վերջին խոսքերն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի փաստաթղթերը կրում են Հայաստանի նախագահի ստորագրությունը, ինչի հետ ինքն անձամբ կապ չունի։ Ընդդիմադիրը նշել է, որ 2019-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանն էր, եւ եթե Փաշինյանը որեւէ առնչություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթի հետ, որը ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ապա ինչի՞ հիման վրա է ՀՀ ԱԳՆ ղեկավարը բանակցել Վաշինգտոնում։ Եվ բավական երկար ժամանակով։

«Պատգամավոր Արթուր Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, որը ներառում է 1 300 էջ»,- ավելացրել է պատգամավորը։