Այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն, և բազմաթիվ գիտաշխատողներ արդեն այդ շարքում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնի համար միակ թեկնածուն՝ Տարոն Դանիելյանը, հայտնի հանդիսավար է, թամադա:
«Ընդամենը կառավարության մեկ-երկու նիստ առաջ մենք քննարկում էինք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման և ատեստավորման հարցերը: 2025-ի հունվարի մեկից աշխատողների բազային վարձատրությունը ավելացել է 100-ից 300% -ով: Այն թվերը, որոնք գործում էին 2021-ին, նշանակում էին, որ գիտության ոլորտ որևէ մեկը մուտք չի գործի, այսօր մենք արդեն ունենք բավականին մրցունակ բազային ֆինանսավորում: Պլյուս մենք տալիս ենք բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն:
Մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը, կներեք, շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը, հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Նրանք բազային ֆինանսավորում են ստանում, մի քանի դրամաշնորհ ունեն, դասախոսական աշխատավարձ են ստանում: Իհարկե, առավելապես այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են, բայց մենք պետք է նաև մղենք մեր հումանիտար և հասարակագիտական ոլորտի գիտությամբ զբաղված քաղաքացիներին էլ ավելի ակտիվ լինել միջազգայնացման և նաև իրենց հրապարակումները ունենալու ուղղությամբ, որպեսզի նրանք էլ կարողանան ատեստավորվեն և ունենան այս վարձատրությունը»,- ընդգծեց Անդրեասյանը»:











