Հայաստանի իշխանություններն ասելու են, որ դա միջանցք չէ, դյուրացված կապ է, արագացված կապ է, իսկ հիմիկվանից մեզ անոնսում են, որ ադրբեջանցիները դրան միջանցք են ասելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Այս տարիների ընթացքում նրանց ասելիքը հիմնականում այն էր, որ միջանցք չի լինելու, ինքնիշխանության սկզբունքի վրա պետք է տեղի ունենա ապաշրջափակումը: Իսկ հիմա ստացվում է, որ Արցախ չկա, Արցախի ժողովուրդը տնավեր է դարձել, միջանցքն էլ տրվում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ վերջին ասուլիսում Իրանի դեսպանը հստակ ասաց, որ դա իրենց համար կարմիր գիծ է, և այս հարցում Իրանը միակ երկիրն է, որ Հայաստանի կողքին է, Սողոմոնյանն ասաց. «Իրանը ի՞նչ անի, եթե ՀՀ իշխանությունները Հայաստանի կողքին չեն, Իրանը Հայաստանի կողքը ո՞նց լինի, եթե իշխանություններն են այդ միջանցքը տալիս: Ոչ ոք որեւէ բան չի կարող անել։
Միջանցքի թեման Թուրքիային է հետաքրքրում: Երբ նայում ենք թուրքական մամուլը, թուրքական քաղաքական շրջանակների խոսույթը, գրեթե ամենօրյա պարբերականությամբ խոսում են միջանցքի մասին, նախապատրաստում են: Վերջերս իրենց տրանսպորտի և ենթակառուցվածքների պատասխանատու նախարարը հայտարարեց, որ բավականին արդեն աշխատանքներ արված են, մոտ 50 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման մասին է խոսք գնում: Դա Թուրքիային հետաքրքրում է իր դեպի արևելք գնացող ամբիցիոզ, հավակնոտ նպատակների համար, նեոթուրանիզմի տեսանկյունից»:
Ինչ վերաբերում է նրան, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ ռուսները պետք է վերահսկեն այդ ճանապարհը, «Հայաքվեի» անդամն ասաց. «Ամեն ինչ տարվեց, բերվեց, հասցվեց նրան, որ ընդհանրապես չլինի ռուսական ներկայությունը տարածաշրջանում: Գործող վարչախումբը այդ հարցին պատասխանում է, ասում է՝ բա եթե ռուս խաղաղապահները չկան Արցախում, էլ, ո՞րն է իմաստը իրենց վերահսկելու: Կարծես տրամաբանական բան են ասում, բայց գալիս է հաջորդ հարցը՝ բա ինչո՞ւ եկանք, հասանք այնտեղ, որ այլևս Արցախ չկա:
Ասում են՝ ռուսները չպաշտպանեցին, կարծես դա առիթ լիներ իրենց համար: Դու քո երկրում իսկի արտակարգ դրություն, ռազմական դրություն չես մտցրել, զորահավաք չես իրականացրել, պատերազմական վիճակում չես, չես ֆիքսել, որ տեղի է ունեցել ագրեսիա, և բացի դրանից, երբ որ դիմել էին ՀԱՊԿ-ին, մարդիկ եկան, որ հասկանան, թե ի՞նչ օգնություն է պետք, ի՞նչ կարգի աջակցություն է պետք, ո՞վ ընդունեց այդ մարդկանց: Այսինքն, սեպտեմբերյան ագրեսիան սարքած էր, որպեսզի հայ ժողովրդին ասեին՝ Ռուսաստանը իր պարտականությունները չի կատարում, ՀԱՊԿ-ը անպետք կառույց է, հետևապես մենք պետք է դուրս գանք այդտեղից, բա այդ դեպքում Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ հանդիման ենք մնում, ի՞նչ անենք, եկեք Արցախը ճանաչենք Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը դրանով կբավարարվի, մենք էլ կապրենք հանգիստ, խաղաղ, երջանիկ:
Դրան հաջորդեց հենց հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարությունը, որին հղում անելով Ալիևը իրականացրեց շրջափակումը, որն էլ հասցրեց հայաթափմանը»:











