Պաշտոնական տվյալներով՝ նախօրեին 36 մարդ վիրավորվել է, երբ աֆղանցին իր մեքենայով մխրճվել է Մյունխենի կենտրոնում արհմիութենական հանրահավաքին մասնակցող ցուցարարների ամբոխի մեջ։ Վիրավորներից երկու հոգի, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Կասկածյալը՝ 24-ամյա աֆղանցի Ֆարհադ Ն.-ն, այսօր պետք է ներկայանա դատարան։ Առայժմ քիչ բան է հայտնի նրա արարքի դրդապատճառների մասին։ WELT-ը հայտնում է, որ փախստականը բուժում էր անցնում հոգեբանական խնդիրների, մասնավորապես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և հալյուցինացիաների պատճառով:

Միաժամանակ դատախազը նշել է, որ Ֆարհադ Ն.-ն հանցագործությունից առաջ կրոնական երանգով հաղորդագրություններ է տեղադրել սոցիալական ցանցերում, հրաժեշտ է տվել հարազատներին և ամբոխի մեջ մեքենա վարելուց անմիջապես հետո սկսել է աղոթել։

Նախկինում նրա դեմ գործ էր հարուցվել Բավարիայում՝ գործազրկության նպաստի խարդախության համար։ Սակայն տուգանքի վճարման պատճառով վարույթը կարճվել է։