Երկու մարդ զոհվել է ուրբաթ ԱՄՆ հարավարեւմտյան Վայոմինգ նահանգի թունելում տեղի ունեցած բախման հետեւանքով, հայտնել է NBC News-ը՝ հղում կատարելով նահանգի տրանսպորտի վարչությանը։
Վթարից հետո իշխանությունները փակել են երթեւեկությունը Գրին Ռիվերի թիվ 80 մայրուղու երկու ուղղություններով: Մայրուղին ձգվում է Սան Ֆրանցիսկոյից մինչեւ Թինեկ (Նյու Ջերսի):
Տեղեկացվել է այլ տուժածների մասին, սակայն մանրամասներ դեռեւս հայտնի չեն։
Տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ թունելում տարհանում է կատարվել։
Ինչպես տեղեկացրել է Վայոմինգի մայրուղու պարեկային ծառայությունը, ոստիկաններն արձագանքել են մի քանի ավտոմեքենայի վթարին, որը տեղի է ունեցել արեւմուտք գնացող գոտում՝ տեղի ժամանակով ժամը մոտ 11:30-ին:
Սվիթուոթեր օկրուգի շերիֆի գրասենյակը վթարը նկարագրել է որպես «բազմաթիվ մեքենաների կուտակում, ակտիվ հրդեհ եւ պայթյունի սպառնալիք»:
Նահանգապետ Մարկ Գորդոնը վթարն անվանել է ողբերգություն՝ նշելով, որ առայժմ տեղեկություն չկա մայրուղու երթեւեկության վերականգնման ժամկետի մասին, աշխատակիցները ստուգել են թունելը՝ վնասվածքները պարզելու համար։





























