Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, որը տառապում է շնչառական վարակով, հանգիստ գիշեր է անցկացրել հիվանդանոցում, տեղեկացրել է իտալական ANSA գործակալությունը։

88-ամյա հովվապետն ավելի քան մեկ շաբաթ է՝ տառապում է բրոնխիտից եւ ուրբաթ առավոտյան տեղափոխվել է Հռոմի Gemelli հիվանդանոց՝ բուժման համար։

Վատիկանի աղբյուրների համաձայն, որոնց վկայակոչում է ANSA-ն, Հռոմի պապը գիշերը հանգիստ է անցկացրել, եւ նրա ջերմությունն իջել է։

«Լավատեսություն կա երեկվանից սկսված, նոր թերապիայի հետ կապված»,- գրել է ANSA-ն։

Ուրբաթ ավելի ուշ Վատիկանը հայտնել էր, որ Ֆրանցիսկոսը ախտորոշիչ թեստեր է անցել, որոնք ցույց են տվել, որ նա շնչուղիների վարակ է ունեցել: Վատիկանի պաշտոնյաները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել:

Ֆրանցիսկոս Առաջինը, որը հովվապետն է 2013-ից, վերջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ հիվանդացել է գրիպով եւ առողջական այլ խնդիրներ է ունեցել: Երիտասարդ տարիքում նա ունեցել է թոքաբորբ, հեռացվել է նրա թոքի մի մասը, իսկ վերջերս նա թոքերի վարակման հակում է ունենում:

Ֆրանցիսկոսը տառապում է շնչառական խնդիրներով դեկտեմբերի կեսերից։ Հունվարին եւ փետրվարին նա հրաժարվել է ելույթներ ունենալ մի քանի հանրային միջոցառումների ժամանակ, ներկա է եղել դրանց, բայց օգնականներին խնդրել է կարդալ իր պատրաստած ելույթները:

«Gemelli» հիվանդանոցում, որն ամենամեծն է Հռոմում, կա հատուկ բաժանմունք Հռոմի պապերի բուժման համար: Ֆրանցիսկոսն ինը օր անցկացրել է այնտեղ 2023թ. հունիսին, երբ վիրահատել եւ հեռացրել էին նրա որովայնի ճողվածքը: