Մոսկվայի դատարանը կալանավորել է մի տղամարդու, որը մեղադրվում է ծանոթին սնդիկ պարունակող կարկանդակով թունավորելու փորձի մեջ, հայտնել է մայրաքաղաքի դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 1-ին մաս): Նա ընդունել է մեղքը, սակայն խնդրել է իրեն կալանքի տակ չվերցնել, գրել է «Коммерсант»-ը։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող սրճարանում։ Մոսկվացին նախօրոք ջերմաչափեր է գնել, այնտեղից սնդիկը հանել եւ լցրել է ներարկիչի մեջ, իսկ հետո սնդիկը խառնել է ընկերոջ սննդի մեջ։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը նույնպես հոսպիտալացվել է, քանի որ նա ձեւացրել է, թե թունավորվել է, սակայն նրա ստուգումները դա չեն հաստատել։

Հարցաքննությունների ընթացքում կասկածյալը մի քանի անգամ փոխել է ցուցմունքները, սակայն հետագայում ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հանցագործության դրդապատճառը խանդն է եղել։ «Ես գիտեի, որ նա ինձնից կվերցնի կարկանդակն ու կուտի սնդիկի հետ միասին, քանի որ իրեն դուր էին եկել այդ կարկանդակները»,- պատմել է գործով անցնող մարդն այն մասին, թե ինչպես է թունավորել ծանոթին։